Հեղինակային իրավունքի խախտում...

Հոկ 9, 2019

WCIT 2019 –ի բացման համերգին Վահան Արծրունու հեղինակային իրավունքի խախտումը միակը չի եղել:

«Հայհեղինակ»-ը միջոցներ է ձեռնարկում 

Աղբյուր` Փաստինֆո 

10/08/2019   

Երգահան Վահան Արծրունու հեղինակային իրավունքների խախտումը, պարզվում է, միակը չի եղել  կիրակի Երեւանում կայացած  WCIT 2019 տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային ֆորումի բացման համերգի ընթացքում։

«Հայհեղինակ» հասարակական կազմակերպությունը, որը ստանձնել է հեղինակների և նրանց իրավահաջորդների  շահերը ներկայացնող և նրանց գույքային իրավունքները կոլեկտիվ հիմունքներով կառավարող կազմակերպությունների լիազորությունները,  արձանագրել է հեղինակային իրավունքի խախտման մի քանի դեպք։

Համերգի ընթացքում օգտագործվել են մի շարք ստեղծագործություններ՝ առանց հեղինակների ու նրանց իրավահաջորդների թույլտվության։ Ըստ այդմ էլ,  խախտվել են վերջիններիս անձնական ու գույքային իրավունքները՝ չեն հնչել հեղինակների անուններն ու չի կատարվել հեղինակային վարձատրությունը։

«Հեղինակներին եւ այլ իրավատերերին տրվում է  2 կարեւոր իրավունք՝ անձնական եւ գույքային։  Անձնական իրավունքի շրջանակում  ամեն անգամ հեղինակի ստեղծագործությունն օգտագործելիս նրա անունը պետք է  հնչեցվի, եւ չաղավաղվի ստեղծագործությունը։ Գույքային իրավունքի շրջանակում հրապարակային միջոցառումների ժամանակ օգտագործելիս հեղինակը պետք է համաձայնություն տա եւ վարձատրվի։ Երկու օր առաջ մենք բոլորս Հանրապետության հրապարակում համերգ տեսանք, ոչ ոքի անունը չտրվեց  եւ հեղինակներն արդեն բողոքում են մեզ», -«Փաստինֆո»-ին ասաց  «Հայհեղինակ» -ի գլխավոր տնօրեն Սուսաննա Ներսիսյանը։

Հիշեցնենք, հեղինակային իրավունքի խախտման մասին ահազանգել էր երգահան Վահան Արծրունին։  Համերգի ընթացքում առանց իր թույլտվության կազմակերպիչներին օգտագործել էին մաշտոցյան շարականները։ «Իհարկե, կտայի համաձայնություն,  բայց ոչ անարգանքի պարագայում,  այն, ինչ արդեն արել են, պարզապես էթիկական խնդիր չի այլևս, սա  հիմնարար իրավունքների և օրենքների ոտնահարում է. ընդ որում,  պետական մակարդակով, քանի որ պետության կազմակերպած միջոցառման հետ գործ ունենք, որի մասնակիցն էին նաև պետական այրերը»,-«Փաստինֆո»-ի հետ հարցազրույցում ասել էր Վահան Արծրունին։

 Աղմուկից հետո «Մեցցո Պրոդաքշն» ընկերության գլխավոր պրոդյուսեր Կամո Մովսեսյանը պաշտոնապես ներողություն էր խնդրել Վահան Արծրունուց։Վերջինս էլ նշել էր, որ իրավիճակի հեղինակը այլ անձ էր, որը հրաժարվեց հրապարակավ ներողություն խնդրել։

«Վահանը ճիշտ է, մենք կապի մեջ ենք եւ կփորձենք խնդիրը լուծել։ Գիտեք, անքուն գիշերների արդյունքում են ծնվում այդ ստեղծագործությունները, գոնե անունը տան, էլ չեմ ասում 2-րդ մասը, որ Վահան Արծրունին  փոխանցել է այդ իրավունքը մեզ։ Ես կապի մեջ եմ նրա հետ, ասացի, որ անպայման միջոցներ կձեռնարկենք, այլապես, եթե չկարողանանք գումարը գանձել,  գործ կհասնի դատարան»,- «Փաստինֆո»-ին ասաց Սուսաննա Ներսիսյանը։

Նրա խոսքով, առհասարակ,  Հայաստանում հեղինակային իրավունքը պաշտպանված չէ։ Խախտումները բազմաթիվ են։  WCIT 2019  տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային ֆորումի բացման համերգի ընթացքում արձանագրված խախտումներով կազմակերպությունն արդեն իսկ միջոցներ է ձեռնարկում։ Նախ, փորձում են գտնել համերգի կազմակերպիչներին։

«Բողոք կա, ուղղակի չեմ ուզում անուններ տալ։  Բացի այս, եթե անգամ բողոք չլիներ, հեղինակներն ու նրանց ժառանգները մեզ փոխանցել են այդ իրավունքը։  Հնչեց Առնո Բաբաջանյան կամ Արամ Խաչատրյան, նրանց ժառանգները օգտվում են այդ իրավունքից եւ պետք է վարձատրվեն։ Կան կենդանի հեղինակներ,  օրինակ` Տիգրան Մանսուրյան։ Տիգրան Մանսուրյանը կարող է՝ բնավորությամբ չի բողոքում,  բայց խնդիրը միայն նրանցը չէ, այստեղ կա եւ Էդուարդ Բաղդասարյան, որին ես եմ անձամբ լսել,  եւ այլ հեղինակներ, որոնց հետ մենք լիցենզիայի պայմանագրեր ունենք, որոնց իրավունքները պետք է պահպանենք»,- նշեց «Հայհեղինակ» -ի գլխավոր տնօրենը՝ հավելելով, որ իրենք գործում են միջազգային նորմերին համապատասխան եւ գործող օրենսդրության  շրջանակում։

Սուսաննա Ներսիսյանի խոսքով, էական չէ, համերգի կազմակերպիչը մասնավոր , թե պետական կառույց է՝ ունենք ստեղծագործությունների հրապարակային կատարման փաստ, ուստի, հեղինակային իրավունքը պետք է հարգվի։  Սահմանափակումը միայն ուսուցողական նպատակներով օգտագործման եւ օրենքով նախատեսված այլ դեպքերի համար է ։

Աղբյուր` Փաստինֆո




Մեր Հոբելյարները

  • Լևոն Բլբուլյան 70

    Լևոն Բլբուլյան 70
  • Անդրեյ Հովնանյան 40

    Անդրեյ Հովնանյան  40
  • Հակոբ Ղազանչյան 60

    Հակոբ Ղազանչյան 60
  • Երվանդ Մանարյան 95

    Երվանդ Մանարյան 95
  • Անահիտ Աղասարյան 60

    Անահիտ Աղասարյան 60
  • Էդուարդ Հայրապետյան 70

    Էդուարդ Հայրապետյան 70
  • Գեղունի Չթչյան 90

    Գեղունի Չթչյան 90
  • Տիգրան Մանսուրյան 80

    Տիգրան Մանսուրյան 80
  • Սրբուհի Ստամբոլցյան 50

    Սրբուհի Ստամբոլցյան 50
  • Ռոբերտ Ամիրխանյան 80

    Ռոբերտ Ամիրխանյան 80
  • Արմեն Սմբատյան 65

    Արմեն Սմբատյան 65
  • Արմեն Սմբատյան 65

    Արմեն Սմբատյան 65
  • Դավիթ Ամալյան 45

    Դավիթ Ամալյան 45
  • Մարտին Ահարոնյան 65

    Մարտին Ահարոնյան 65
  • Պետրոսյան Վարդան 60

    Պետրոսյան Վարդան 60