Հայաստանը մտավոր սեփականության ոլորտում կօգտվի հարավկորեական փորձից

Նմբ 20, 2019

Հայաստանը մտավոր սեփականության ոլորտում կօգտվի հարավկորեական փորձից

Հայաստանը պատրաստվում է մտավոր սեփականության ոլորտում օգտվել Հարավային Կորեայի փորձից, որն աշխարհում ընդունված է որպես լավագույնը: ՀՀ էկոնոմիկայի նախարարության Մտավոր սեփականության գործակալության եւ Կորեայի Գյուտարարության խթանման ասոցիացիայի միջեւ այսօր ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր:

Ակնկալվում է, որ հուշագիրը կխթանի ուսուցման մշակույթը եւ կխորացնի երկկողմ համագործակցությունը մտավոր սեփականության ոլորտում: Որպես առաջին քայլ՝ այսօր մեկնարկել է նաեւ մտավոր սեփականության ոլորտի դասավանդողների պատրաստման աշխատաժողովը:

Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության 192 անդամ երկրներից ուսուցողական ծրագրերի գծով առաջատարն է  Կորեայի մտավոր սեփականության գրասենյակը:

«Մտավոր սեփականության ոլորտի դասավանդողների պատրաստում» աշխատաժողովում կորեացի մասնագետները կկիսվեն իրենց հաջողված փորձով: Դրա հիմքը ուսումնական ծրագրերում է եւ իրենք ուրախ են հայ գործընկերների հետ խոսելու այդ ամենի մասին՝ ողջույնի իր խոսքում ասաց Կորեայի գյուտարարության խթանման ասոցիացիայի նախագահ Ջունիո Կոն: Նրա գլխավորած պատվիրակությունը հենց այդ նպատակով Հայաստանում է: Ստորագրված  փոխըմբռնման հուշագրով տրված է այս ոլորտում համագործակցության մեկնարկը:

«Աշխատաժողովներ պետք է հաճախակի լինեն, քանի որ մենք այս ոլորտում  նրանցից շատ բան ունենք սովորելու»,- ասաց ՀՀ էկոնոմիակայի նախարարության Մտավոր սեփականության գործակալության պետ Երեմ Չախոյանը:

Կարծում եմ,  կկարողանանք Հայաստանում ներդնել այն լավագույն փորձը,  որն ունի ոլորտի առաջամարտիկ Կորեան՝ ասաց Երեմ Չախոյանը:

Առանձնահատկություններ երկրներն, իհարկե, ունեն, բայց ոլորտի մասնագետների հետ քննարկելուց հետո հնարավոր է ձեւավորել կրթակած ծրագրերի ամբողջական փաթեթը Հայաստանի համար: Կասկած չկա, որ զարգացման հիմքը կրթության ոլորտում է եւ հենց այստեղ էլ Հայաստանն ունի բաց՝ նկատեց Երեմ Չախոյանը.          

«Մեր ուսուցողական ծրագրերում բացակայում են այդ թեմաները: Մտավոր սեփականության առաջխաղացման հետ կապված ողջ խնդիրն այն է, որ ներդրված չունենք: Երբ որ դպրոցից ու նախադպրոցական շրջանից սկսենք դասավանդումը, ապա երիտասարդությունը կյանք մտնելիս իրազեկված կլինի լիարժեք: Մտավոր սեփականության իրազեկվածությունը թիվ մեկ խնդիրն է ոլորտի զարգացման»:

Ինչ վերաբերում է մտավոր սեփականության հետ կապված խախտումներին՝ Մտավոր սեփականության գործակալությունը դրանց դեմ պայքարի լծակներ չունի եւ այստեղ գործում է իրավական համակարգը: Այդ առումով վերջնական լուծումներն էլ տրվում են դատարաններում՝ ասաց Երեմ Չախոյանը:

Իմանալն ու տեղեկացված լինելը, սակայն, բավարար չէ ոլորտի խնդիրները լուծելու համար՝ մեզ հետ զրույցում ասաց «Հայհեղինակ» ՀԿ տնօրեն Սուսաննա Ներսեսյանը: Ըստ նրա՝ Հայաստանի օրենսդրական դաշտն ընդհանուր մտավոր սեփականության ոլորտում բացարձակ թերի չէ եւ այս գնահատականն են տվել նաեւ միջազգային փորձագետները: Նրա  խոսքով, սակայն, մի բան է, երբ կա լավ օրենք, մեկ այլ բան, որ՝ այդ օրենքը պետք է գործի: Նա կարծում է, որ այստեղ էլ անհրաժեշտ է, որ հեղինակ-իրավատերերն ակտիվ լինեն.  

«Այսինքն, նա պիտի իմանա ինչ քայլեր անի, որ վերականգնի խախտված իրավունքները: Այսինքն՝ լինի ակտիվ, դիմի իրավաբաններին, դիմի դատարաններին:  Այս  առումով Հայաստանում շատ վատ է դրվածքը»,- նշում է Սուսաննա Ներսեսյանը:

Հենց այստեղ է, որ կարեւորվում է կրթությունը՝ ոչ միայն մտավոր սեփականության ոլորտի իրավաբան-մասնագետներ պատրաստելու, այլ նաեւ այդ իրավքունքներին տեղեկացված լինելու եւ չխախտելու, խախտելու դեպքում էլ՝ իրավատերերի կողմից ճիշտ քայլերով դրանք վերականգնելու համար: «Հայհեղինակ» ՀԿ տնօրեն Սուսաննա Ներսեսյանը համոզված է, որ այդ առումով կորեական փորձի ներդրումը Հայաստանում շատ բան կարող է փոխել:

Նյութի  հեղինակ՝ Կարեն Ղազարյան, Հայաստանի Հանրային ռադիո