Ի՞նչ է հեղինակային  իրավունքը

 

Հեղինակային  իրավունքը հեղինակներին օրենքով տրվող պահպանությունն  է, ինչը նրանց՝ իրենց ստեղծագործությունները վերահսկելու իրավունք է տալիս: Հեղինակային իրավունքի մասին օրենքը հիմնված է այն համոզմունքի վրա, որ ստեղծագործության հեղինակն արժանի է ողջամիտ փոխհատուցում ստանալու և իրենց ստեղծագործության օգտագործման նկատմամբ վերահսկողության իրավունք ունենալու:Հայաստանում հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին օրենքն Ազգային Ժողովի կողմից ընդունվել է 2006 թվի հունիսի 15-ին: ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը նույնպես հեղինակային իրավունքի մասին դրույթներ է պարունակում /բաժին 10, հոդվածներ 1100-1143/:

Մասնավորապես, ՀՀ հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին օրենքի  2-րդ հոդվածը սահմանում է, որ հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների վերաբերյալ օրենսդրությունը բաղկացած է ՀՀ սահմանադրությունից, ՀՀ քաղաքացիական օրենսգրքից, ՀՀ հեղինակային իրավունքի մասին օրենսդրությունից, այլ օրենքներից և իրավականակտերից, ՀՀ միջազգային համաձայնագրերից:

          

                Ո՞վ է հեղինակը

Որո՞նք են հեղինակի իրավունքները

Հեղինակն այն ֆիզիկական անձն է, ով ստեղծել է ստեղծագործությունը, և այդ իսկ պատճառով նրան են պատկանում տվյալ ստեղծագործությանն առնչվող կոնկրետ իրավունքներ: Կան երկու տեսակի իրավունքներ.

ա/ անձնական ոչգույքային իրավունքներ,

 բ/ գույքային իրավունքներ:

 

Արդյո՞ք գաղափարները պահպանվում են հեղինակային իրավունքով

Հեղինակային իրավունքը չի տարածվում գիտական հայտնագործությունների, գաղափարների, սկզբունքների, մեթոդների, ընթացակարգերի, տեսակետների, համակարգերի, արարողակարգերի, գիտական տեսությունների, մաթեմատիկական բանաձևերի, վիճակագրական դիագրամների, խաղի կանոնների վրա, եթե անգամ դրանք արտահայտված, նկարագրված, բացահայտված, լուսաբանված են ստեղծագործություններում:

 

      Ինչպե՞ս է ծագում հեղինակային իրավունքը

Արդյո՞ք որևէ ձևականության կարիք կա:

Ամբողջ աշխարհում ընդունված սկզբունքն այն է, որ հեղինակային իրավունքն ավտոմատ կերպով ծագում է  հենց ստեղծագործության ստեղծման փաստով և կախված չէ որևէ այլ ձևականությունից: Այս առումով հեղինակային իրավունքն էականորեն տարբերվում է մտավոր սեփականության այլ իրավունքներից, ինչպիսիք են գյուտերը և ապրանքային նշանները: Բեռնի կոնվենցիայի համաձայն հեղինակային իրավունքը չի կարող պայմանավորված լինել որևէ ձևականությամբ, ինչպես օրինակ գրանցումը կամ օրինակների ի պահ հանձնումը:

 

Հեղինակային իրավունքի գործողության ժամկետը

ՀՀ հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին օրենքի 37-րդ հոդվածի համաձայն գույքային իրավունքի գործողության ժամկետը գործում է հեղինակի կյանքի ընթացքում և նրա մահից հետո ևս 70 տարի: Առանձին դրույթներ վերաբերում են համահեղինակությամբ ստեղծված ստեղծագործություններին, անանուն կամ կեղծ անվամբ հրապարակված ստեղծագործություններին, ժողովածո ստեղծագործություններին և հատորներով հրատարակված ստեղծագործություններին, համարներին, էպիզոդներին և այլն: Տեսալսողական ստեղծագործությունների համար պահպանության ժամկետը 70 տարի է հետևյալ անձանցից վերջինի մահից հետո՝ գլխավոր տնօրենի, սցենարի հեղինակի, երկխոսությունների հեղինակի, հատուկ տվյալ տեսալսողական ստեղծագործության համար երաժշտության կոմպոզիտորի և օպերատորի:


 

Որո՞նք են հեղինակային իրավունքի օբյեկտները


     Հեղինակային իրավունքի պահպանությունը տարածվում է ստեղծագործությունների լայն շրջանի վրա: Ստեղծագործությունները տարբերվում են իրենց արտահայտման, օգտագործման ձևով, ինքնուրույնության աստիճանով: Հեղինակային իրավունքի  օբյեկտների դասակարգումը բխում է հիմնականում Բեռնի կոնվենցիայից, սակայն ամեն մի երկիր իրավասու է կանոնակարգելու հեղինակային իրավունքի օբյեկտների ցանկը:

Կյանքի և տնտեսության առաջընթացի զարգացման հետևանքով ստեզծագործությունների շրջանակը աստիճանաբար ընդլայնվում է: Մենք արդեն նշել ենք, որ հեղինակային իրավունքը պահպանում է գրականության, գիտության և արվեստի հետևյալ ստեղծագործությունները.

 - գրական ստեղծագործությունները,

- երաժշտական ստեղծագործությունները,

 - համակարգչային ծրագրերը,

 - գիտական ստեղծագործությունները,

 - դրամատիկական կամ բեմական արվեստի ստեղծագործությունները,

 - տեսալսողական,

 - դեկորատիվ-կիրառական արվեստի,

 - գեղանկարչության, գրաֆիկայի կամ կերպարվեստի այլ ստեղծագործությունները,

 - քարտեզները,

 - ճարտարապետական, քաղաքաշինական, այգեպուրակային արվեստի,

 - լուսանկարչական և այլ ստեղծագործություններ:

 

Սովորաբար, հեղինակային իրավունքի օրենքով ամրագրված օբյեկտների ցուցակը սպառիչ բնույթ չի կրում: Եթե ստեղծագործական աշխատանքի նոր արդյունքը չի նշված օբյեկտների ցանկում, բայց համապատասխանում է օրենքով պահանջվող բոլոր պայմաններին, այն ընդունվում է որպես ստեղծագործություն և օգտվում է նույն պահպանությունից, ինչ նախատեսված է օրենքում նշված հեղինակային իրավունքի օբյեկտների համար:


 1. Ի՞նչ իրավունքներ ունի «ՀԱՅՀԵՂԻՆԱԿ» ՀԿ-ն

Այն դեպքում, երբ Հայաստանում օգտագործվում է տեղական կամ արտերկրյա հեղինակների երաժշտական, դրամատիկական, երաժշտա-դրամատիկական, գրական  ստեղծագործությունները (այսուհետ` «Ստեղծագործություններ»), «ՀԱՅՀԵՂԻՆԱԿ»-ն իրավունք ունի դիմելու Ստեղծագործություններն ՕԳՏԱԳՈՐԾՈՂ ընկերություններին և հօգուտ Հեղինակների գանձել վերջիններիս համար օրենքով նախատեսված հեղինակային վարձատրությունը:

2. Ո՞րն է համարվում Հեղինակների Ստեղծագործությունների ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ

 Հեղինակների Ստեղծագործությունների ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ է համարվում՝ օրինակ, այդ Ստեղծագործությունների ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԿԱՏԱՐՈՒՄԸ[1] խանութներում` ինչպես ուղղակի հեռարձակման (օր.` խանութում տեսաձայնային սկավառակների ուղղակի գործածման /օգտագործման), այնպես էլ ուղղակի կամ անուղղակի հեռարձակման (օր.` որևէ ռադիոյի կամ հառուստացույցի վերահեռարձակման) դեպքում,  :

3. Արդյո՞ք Ձեր ընկերությունն Օգտագործում է Հեղինակների Ստեղծագործություններ

Մեր աշխատակիցների և Ձեր բազում հաճախորդների վկայությամբ, Ձեր խանութում ամեն օր, անդադար օգտագործվում են մի շարք երաժշտական Ստեղծագործություններ, սակայն այդ Ստեղծագործությունների հեղինակները որևէ վարձատրություն չեն ստանում դրանց դիմաց:

4. Ի՞նչ է անհրաժեշտ Հեղինակների Ստեղծագործություններն օգտագործելու թույլտվություն ստանալու համար

ՀՀ օրենսդրության համաձայն, Հայաստանում Հեղինակների Ստեղծագործություններն օգտագործելու թույլտվություն ստանալու համար, Ձեր ընկերությունը պարտավոր է լիցենզային պայմանագիր կնքել «ՀԱՅՀԵՂԻՆԱԿ» կազմակերպության հետ[2], և այնուհետև` կատարել  վճարումներ Ստեղծագործություններն օգտագործելու համար:

5. Ո՞րոնք են վերոգրյալ 4-րդ կետում նշված լիցենզիոն պայմանագրեր չկնքելու հետևանքները:

Վերոգրյալ 4-րդ կետով նախատեսված լիցենզիոն պայմանագրի բացակայությունը հիմք է տալիս «ՀԱՅՀԵՂԻՆԱԿ»-ին, որպեսզի վերջինս արգելի Հեղինակների Ստեղծագործությունների օգտագործումը (հրապարակային կատարումը) Ձեր խանութում:

6. Ի՞նչ պարտավորություններ ունի «ՀԱՅՀԵՂԻՆԱԿ» ՀԿ-ն

«ՀԱՅՀԵՂԻՆԱԿ»-ը ոչ միայն իրավունք ունի, այլ նաև պարտավոր է.[3]

  1. Հայաստանում Ստեղծագործություններն օգտագործողների հետ կնքել վերևում նշված լիցենզային պայմանագրեր,
  2. Հայաստանում Ստեղծագործություններն օգտագործողների հետ համաձայնեցնել վարձատրության չափը և լիցենզային պայմանագրի այլ պայմաններ,
  3. հավաքել Հայաստանում Ստեղծագործությունների օգտագործման համար նախատեսված վարձատրությունը և այն փոխանցել Հեղինակներին,
  4. կնքել փոխադարձ պահպանության համաձայնագրեր օտարերկրյա պետություններում գործող նմանատիպ կազմակերպությունների հետ,
  5. կատարել ցանկացած իրավաբանական գործողություն (այդ թվում դիմել դատարան), որն անհրաժեշտ է իր կողմից կառավարվող իրավունքների պաշտպանության համար։

7. Ո՞րոնք են «ՀԱՅՀԵՂԻՆԱԿ»-ի վերոգրյալ 6-րդ կետում նշված իր պարտականությունները չկնքելու հետևանքները:

«ՀԱՅՀԵՂԻՆԱԿ»-ն իր վերոգրյալ պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար պատասխանատվություն է կրում օրենքով սահմանված կարգով:[4]

8. Ինչպիսի՞ իրավասություններ է ստացել և ինչպիսի պարտավորություններ ունի «ՀԱՅՀԵՂԻՆԱԿ»-ը օտարերկրյա հեղինակների նկատմամբ:

«ՀԱՅՀԵՂԻՆԱԿ»-ը 2001թ.-ից մինչ օրս, ՀՀ օրենսդրությամբ նախատեսված կարգով,[5] կնքել է հատուկ համաձայնագրեր «ՀԱՅՀԵՂԻՆԱԿ»-ի նույն գործառնություններն իրականացնող օտարերկրյա 35-ից ավել երկրների գույքային իրավունքների կառավարում իրականացնող կազմակերպությունների հետ և դրանց հիման վրա իրավասություն է ստացել և պարտավոր է Հայաստանի տարածքում պաշտպանել օտարերկրյա Հեղինակների գույքային իրավունքները` հավաքագրելով և վերջիններիս փոխանցելով հեղինակային վարձատրությունները: Սույն նամակին կցված Հավելված 1-ում նշված են այդ օտարերկրյա կազմակերպությունների անունները, վերջիններիս ինտերնետային կայքէջերը և կնքված պայմանագրերի ամսաթվերը:  Անհրաժեշտության դեպքում, պայմանագրերի օրինակները ևս կտրամադրվեն:

9. Ինչպիսի՞ իրավասություններ է ստացել և ինչպիսի պարտավորություններ ունի «ՀԱՅՀԵՂԻՆԱԿ»-ը հեղինակային իրավունքների պաշտպանությամբ զբաղվող միջազգային ամենամեծ կազմակերպության նկատմամբ:

Բացի նրանից, որ «ՀԱՅՀԵՂԻՆԱԿ»-ը կնքել է երկկողմանի համաձայնագրեր օտարերկրյա հեղինակների գույքային շահերը ներկայացնող ավելի քան 30 (երեսուն) օտարերկրյա կազմակերպությունների հետ և ստացել լիազորություն, ինչպես նաև` ստանձնել պարտավորություն Հայաստանում ներկայացնել 35-ից ավել երկրների հեղինակների տնտեսական շահերը, «ՀԱՅՀԵՂԻՆԱԿ»-ը նաև լիազորություն է ստացել «Հեղինակների և կոմպոզիտորների միությունների միջազգային կոնֆեդերացիա» (“CISAC”) միջազգային կազմակերպությունից, որն իրավասու է ներկայացնել ավելի քան 120 երկրների 232 հեղինակների միությունների շահերը,  և պարտավորություն է ստանձնել Հայաստանում ներկայացնել աշխարհի գրեթե բոլոր օտարերկրյա հեղինակների գույքային շահերը: CISAC-ը ստեղծվել է 1926թ.-ին և (2011 թվականի սեպտեմբեր ամսվա դրությամբ) դրան անդամակցում են 121 երկրի 232 հեղինակների միություններ (այդ թվում «ՀԱՅՀԵՂԻՆԱԿ»ը` 2001թ.-ից), որոնք իրենց հերթին ներկայացնում են հարյուր հազարավոր հեղինակների գույքային շահեր:

10. Ինչպիսի՞ իրավական հիմքերով են կարգավորվում CISAC-ի և դրա 232 անդամ կազմակերպությունների (այդ թվում «ՀԱՅՀԵՂԻՆԱԿ»-ի) փոխհարաբերությունները (այդ թվում` իրավասությունները, իրավունքները և պարտավորությունները):

Վերոգրյալ 121 երկրների 232 հեղինակների միություններին (կազմակերպություններին) միավորում է CISAC-ի կանոնադրությունը (ստատուտը) (www.cisac.org/CisacPortal/initConsult Doc.do?idDoc=8819), որում ամրագրված է CISAC-ի և դրա անդամ միությունների (կազմակերպությունների) իրավունքներն ու պարտավորությունները: CISAC-ի կանոնադրությունը, ըստ էության, CISAC-ի և անդամ միությունների (կազմակերպությունների) միջև կնքված գլխավոր համաձայնագիրն է, որով կարգավորվում են վերջիններիս միջև հարաբերությունները: Մասնավորապես, CISAC-ի կանոնադրության 4-րդ հոդվածի համաձայն, CISAC-ի ստեղծման նպատակներից մեկն է, իր անդամ միությունների (կազմակերպությունների) միջազգային համագործակցության միջոցով պաշտպանել հեղինակների տնտեսական շահերը, այսինքն` վերջիններիս գույքային իրավունքները կոլեկտիվ հիմունքներով արդյունավետ կառավարելն է, որը Հայաստանում իրականացնում է«ՀԱՅՀԵՂԻՆԱԿ» հասարակական կազմակերպությունը: CISAC-ի Կանոնադրությունում նաև հստակ նշվում է այն մասին, որ անդամ միությունները պարտավոր են համագործակցել իրենց երկրում օտարերկրյա հեղինակների հեղինակային վարձատրությունները հավաքագրելու և վերջիններիս շահերը ներկայացնող միություններին (կազմակերպություններին) փոխանցելու հարցերով, ինչն էլ Հայաստանում  իրականացնում է «ՀԱՅՀԵՂԻՆԱԿ»-ը:  CISAC-ի գործունեությունը կարգավորվում և կառավարվում է անդամ միությունների (կազմակերպությունների) կողմից, իսկ անդամ միությունների (կազմակերպությունների) գործունեությունը` իրենց երկրների հեղինակների կողմից: Ըստ էության, CISAC-ն ամբողջ աշխարհի հեղինակներին միավորող և վերջիններիս կողմից կառավարվող ամենամեծ միջազգային կազմակերպությունն է, որի հիմնական նպատակը, միջազգային համագործակցության միջոցով, հեղինակների իրավունքների (այդ թվում տնտեսական/գույքային շահերի) պաշտպանությունն է: