Մեր պատմությունը

Գույքային իրավունքները կոլեկտիվ հիմունքներով կառավարող կազմակերպությունները Հայաստանում

 

      Դեռևս 1930թ.  Հայաստանում  ընդունվեց  «Հեղինակի իրավունքի կանոնադրություն»-ը, որը հեղինակային  իրավունքի մասին առաջին փաստաթուղթն էր և իր հիմնական դրույթներով նախատեսում էր հեղինակի իրավունքի պահպանություն և ստեղծագործությունների օգտագործման համար հեղինակին հասանելիք վարձատրություն:

 

Որոշումը իրականացնելու համար անհրաժեշտ էր մի մարմին, որը հեղինակի կողմից և նրա թույլտվությամբ ստեղծագործության առաջին հրապարակումից հետո կհսկեր դրա  օգտագործման ընթացքը, բանակցություններ կվարեր ստեղծագործություններն օգտագործող կազմակերպությունների հետ` օգտագործման պայմանների և վարձատրության վերաբերյալ, կիրականացներ հեղինակին հասանելիք հոնորարների հավաքումը և կհասցներ այդ գումարները հեղինակներին, այլ խոսքով կկառավարեր հեղինակների գույքային իրավունքները:

 

1933թ Հայաստանում բացվեց Անդրկովկասի դրամատիկական գրողների և կոմպոզիտորների կոմիտեի հայաստանյան մասնաճյուղը Հայդրամկոմը: Այն հեղինակներին համախմբող և ներկայացնող առաջին կազմակերպությունն էր, որը Հայաստանում պահպանում էր հեղինակների իրավունքները, հետևում դրամատիկական /պիեսներ/, դրամատիկա-երաժշտական /օպերա, օպերետ, բալետ/ և տեքստով կամ առանց տեքստի երաժշտական ստեղծագործությունների հրապարակային կատարման ընթացքին, և օգտագործող կազմակերպություններից հավաքում էր հեղինակներին հասանելիք հոնորարները:

 

Հետագայում, Մոսկվայում ստեղծվեց Հեղինակների իրավունքների պահպանության համամիութենական վարչությունը, / ՎՈՒՕԱՊ,1937թ., դեկտեմբեր/, որի հայաստանյան մասնաճյուղը դարձավ մեզ արդեն հայտնի Հայդրամկոմը: Երկար տարիներ այն գործում էր որպես ՎՈՒՕԱՊ-ի հայկական բաժանմունք: 1973 թվականին, երբ ԽՍՀՄ-ը անդամակցեց 1952թ. Ժնևի` Հեղինակային Իրավունքի Համաշխարհային կոնվենցիային, Մոսկվայում ստեղծվեց Հեղինակային Իրավունքի Համամիութենական գործակալությունը /ՎԱԱՊ/, որն իր մասնաճյուղերը բացեց բոլոր հանրապետություններում, այդ թվում նաև Հայաստանում:

 

ՎԱԱՊ-ը հեղինակների իրավունքները ԽՍՀՄ տարածքում իր հանրապետական բաժանմունքների միջոցով պահպանելուց բացի, բազմազգ մշակույթը ներկայացնում էր արտերկրում,  աջակցում մշակութային արժեքների փոխանակմանը, ներկայացնում հեղինակների իրավունքներն ու շահերը արտերկրում և, ընդհակառակը` պաշտպանում էր արտերկրի  հեղինակների իրավունքներն ու շահերը ԽՍՀՄ տարածքում, կնքում ստեղծագործությունների օգտագործման թույլտվության պայմանագրեր /լիցենզային/, ինչպես նաև արտերկրի գործընկերներին ապահովում էր Խորհրդային Միության հեղինակների նոր ստեղծագործությունների մասին անհրաժեշտ տեղեկատվությամբ, օժանդակում արտերկրի հեղինակների ստեղծագործությունների մասին տեղեկատվության տարածմանը:

 

Հայաստանում այս խնդիրներն իրականացվում էին ՎԱԱՊ-ի հայկական հանրապետական մասնաճյուղի միջոցով, որը գործեց մինչև 1992թ.: ԽՍՀՄ-ի փլուզումից հետո լուծարվեց նաև ՎԱԱՊ-ի հայկական  մասնաճյուղը Անհրաժեշտ էր ստեղծել  հանրապետական մի մարմին, որն իր իրավասության տակ կվերցներ ոլորտը և կիրականացներ հայ հեղինակների իրավունքների  պահպանությունը ՀՀ տարածքում: Այդ նպատակով, ՀՀ Կառավարության 1993թ. դեկտեմբերի 27-ի թիվ 645 որոշումով ստեղծվեց ՀՀ Կառավարությանն առընթեր Հեղինակային իրավունքների ազգային գործակալությունը /ՀԻԱԳ/, որը գոյատևեց մինչև 2002թ. մարտ ամիսը:

 

Գործակալության հիմնական խնդիրներն էին.

- հեղինակային և հարակից իրավունքների պահպանության ապահովում  Հայաստանի տարածքում,  ոլորտի համար նոր օրենսդրական բազայի ստեղծում,

- գիտության, գրականության և արվեստի ստեղծագործությունների հրապարակային կատարման, ինչպես նաև դեկորատիվ-կիրառական արվեստի երկերն արդյունաբերության մեջ օգտագործելու, ձայնագրության միջոցով ստեղծագործությունները վերարտադրելու համար հեղինակային հոնորարի հավաքում և վճարում հեղինակներին:

 

Առաջադրված խնդիրները հրամայաբար պահանջում էին, որպեսզի ՀՀ Հեղինակային իրավունքի ազգային գործակալությունը միաժամանակ իրականացներ երկու կարևոր գործառույթ, ստեղծել հեղինակային և հարակից իրավունքների նոր ուղղություն և նոր հունի մեջ դնելով կիրարկել այն գործնականում: Այս երկու կարևոր խնդրի իրականացումը մեկ պետական կառույցի միջոցով   բացարձակապես բնորոշ չէ եվրոպական և ամերիկյան պետություններին: Վաղուց ի վեր, գրեթե մեկ հարյուրամյակ, Եվրոպայում և Ամերիկայում գոյություն ունեն առանձին ոչ պետական կազմակերպություններ, որոնք հեղինակներից ստացված լիազորությունների հիման վրա իրականացնում են հոնորարի հավաքումն ու  հեղինակներին վճարումը:  Սակայն  ետխորհրդային շատ երկրներ, այդ թվում նաև Հայաստանը, ընտրեցին այլ ճանապարհ, որը ճիշտ էր 90-ական թվականների սկզբի համար: Չի կարելի կառավարել հեղինակների իրավունքները չունենալով օրենսդրական բազա: Բայց հոնորարի հավաքման-վճարման գործընթացը մինչև նոր օրենսդրական հիմքերի ստեղծումը դադարեցնելն այդ ժամանակների համար անմտություն  կլիներ: Հայաստանի ստեղծագործողներն, ավելի քան երբևէ, կարիք ունեին վարձատրվելու իրենց ստեղծագործությունների օգտագործման համար: 90-ականների սկզբի և կեսերի տնտեսական ծանր պայմանները ստիպեցին կոմպոզիտորներին, դրամատուրգներին, գրողներին, նկարիչներին և մյուս ստեղծագործողներին թակել նորաստեղծ գործակալության դուռը, որի իրավաբանական հասցեն ՎԱԱՊ-ի լուծարումից հետո էլ չէր փոխվել, և պահանջել իրենց հասանելիք հոնորարները: Ինչևէ, երկու տարբեր գործառույթների միաձուլումը մեկ պետական սեկտորում անհրաժեշտ պայման էր պահպանելու այն դրականը, որ նկատվում էր դեռ խորհրդային ժամանակներում:

 

Կար ևս մեկ հոգեբանական պատճառ` այդ ժամանակաշրջանում առաջին հերթին հենց պետական գործակալություն ստեղծելու նպատակահարմարության առումով Խորհրդային իշխանության տարիներից ի վեր մարդկանց  մոտ վստահություն կար   բացառապես պետական կազմակերպությունների հանդեպ, և  տարիներ էին պետք ոչ պետական կառույցների ստեղծման անհրաժեշտությունը գիտակցելու, դրանց հանդեպ վստահություն արմատավորելու համար: 90-ական թվականների վերջին  անհրաժեշտություն առաջացավ առանձնացնելու գործակալության երկու գործառույթները և ստեղծելու նոր, ոչ առևտրային, ոչ պետական   կառույց, որը կզբաղվեր միայն հեղինակների նոր օրենքով նախատեսված իրավունքների գործնական իրացմամբ: Այդ կառույցը հանդիսացավ ՀԱՅՀԵՂԻՆԱԿ հասարակական կազմակերպությունը:



Մեր Հոբելյարները

  • Արմեն Մարտիրոսյան 60

    Արմեն  Մարտիրոսյան 60
  • Գրիգոր Բաղդասարյան 60

    Գրիգոր Բաղդասարյան  60
  • Մարտին Վարդազարյան 85

    Մարտին Վարդազարյան 85
  • Ներսիկ Իսպիրյան 60

    Ներսիկ Իսպիրյան 60
  • Նարեկ Բավեյան 40

    Նարեկ Բավեյան 40
  • Սերգեյ Կարինյան 70

    Սերգեյ Կարինյան  70
  • Սուրեն Կնյազյան 60

    Սուրեն Կնյազյան 60
  • Էդգար Գյանջումյան 45

    Էդգար Գյանջումյան 45
  • Լեյլա Սարիբեկյան

    Լեյլա Սարիբեկյան
  • Ժան Նշանյան 70

    Ժան  Նշանյան  70
  • Վահագն Հայրապետյան 55

    Վահագն Հայրապետյան  55
  • Էրիկ Կարապետյան 35

    Էրիկ Կարապետյան 35
  • Արման Ղազարյան 45

    Արման Ղազարյան  45
  • Առաքելյան Գրիգոր 60

    Առաքելյան Գրիգոր 60
  • Դավիթ Բալասանյան 40

    Դավիթ Բալասանյան 40
  • Բլեյան Լիլիթ

    Բլեյան Լիլիթ
  • Արսեն Գրիգորյան 40

    Արսեն Գրիգորյան 40
  • Արսեն Գրիգորյան 50

    Արսեն Գրիգորյան 50
  • Նարինե Զարիֆյան

    Նարինե Զարիֆյան
  • Սիլվա Հակոբյան 35

    Սիլվա Հակոբյան 35
  • Արմեն Մարգարյան 35

    Արմեն Մարգարյան 35