Հայաստանում հեղինակային իրավունքները ոտնահարվում են

Փտր 20, 2019

Հեղինակային իրավունքների պաշտպանության ոլորտում զանգվածային խախտումների պատճառն անպատժելիությունն է։

Փորձագետները համոզված են, որ այստեղ մեղքը ոչ պրոֆեսիոնալ դատավորներինն է։

ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի — Sputnik. 

Հայաստանում հեղինակային իրավունքները ոտնահարվում են բառացիորեն ամեն քայլափոխի։ Այսօր Sputnik Արմենիա միջազգային մամուլի կենտրոնում այս մասին ասաց «Հայհեղինակ» հասարակական կազմակերպության ղեկավար Սուսաննա Ներսիսյանը։

Նրա խոսքով` հասարակությունն ավելի հաճախ է սկսել խոսել այս խնդիրների մասին, բայց դա ընդհանուր առմամբ դեռ որևէ կերպ չի ազդել իրավիճակի վրա։

Խախտումներ են լինում բոլոր ոլորտներում, ընդ որում` ամենաքիչը թատրոններում։

«Մենք հայտնի հեղինակների հետ արդեն փաստաթուղթ ենք նախապատրաստել հեղինակային և կից իրավունքները խախտելու մասին, ինչպես նաև խնդրի լուծման ճանապարհներ ենք առաջարկել, մտադիր ենք ներկայացնել կառավարությանը», – նշեց Ներսիսյանը։

Նա կարծում է, որ զանգվածային խախտումների պատճառն անպատժելիությունն է, ինչը դատական համակարգում նեղ մասնագիտական կադրերի պակասի հետևանք է։ Նրա խոսքով` դատավորները պարզապես այդքան էլ լավ ծանոթ չեն հեղինակային օրենսդրությանը և հաճախ չեն կարողանում հասկանալ խնդիրը։ Իսկ դատական վճիռները նման պայմաններում կայացվում են հօգուտ բիզնես սուբյեկտների և չափազանց սուբյեկտիվ են։

«Մեդիամաքս» գործակալության գլխավոր խմբագիր Դավիթ Ալավերդյանն էլ համարում է, որ հեղինակային իրավունքի պաշտպանության ոլորտի ողբալի վիճակի հիմնական պատճառը մեդիայի իրավունքի ոլորտում մասնագիտացած դատավորների բացակայությունն է։

«Մեդիամաքս» գործակալությունը, ըստ նրա, տևական ժամանակ ինքնուրույն է պայքարել խախտումների դեմ, բայց մի քանի տարի առաջ այդ «գլխացավանքը» փոխանցել է մասնագիտացված գործակալությանը, որը իրավախախտների հետ խոսում է օրենքի լեզվով։

«Խնդրի լուծման ևս երկու տարբերակ կա. դիմել մասնագիտացված լրագրողական կազմակերպությունների, որոնք պետք է զբաղվեն լրագրողների և ԶԼՄ–ների իրավունքների պաշտպանությամբ, կամ անբարեխիղճ ԶԼՄ–ների «սև ցուցակ» կազմել», – ասաց Ալավերդյանը։

«Ֆոտոլուր» գործակալության գլխավոր խմբագիր Մելիք Բաղդասարյանն էլ պատմեց, որ միշտ փորձել է խուսափել դատական գործընթացներից, քանի որ ոլորտում բոլորը միմյանց ճանաչում են, և հարցերը բանավոր են լուծվել։ Սակայն վերջին շրջանում իրավիճակը կրիտիկական կետի է հասել, և նա ստիպված է եղել առաջին անգամ դատարան դիմել, որը վճիռ է կայացրել ոչ իր օգտին։ Բաղդասարյանը մտադիր է որոշումը բողոքարկել Վճռաբեկ դատարանում, քանի որ համոզված է, որ դատավորն այդպես էլ չի հասկացել, ինչն է խնդրի բուն էությունը։



Read more: https://armeniasputnik.am/armenia/20190220/17387413/hexinakayin-iravunqneri-xaxtum-inchu-e-goxy-haykakan-dataranum-jisht-durs-galis.html